Վերջերս ֆեյսբուքային կայքէջում հայտնվեց մի տեղեկատվություն, որ «Կյանքի խոսք» եկեղեցին և Ավետարանական եկեղեցին ընտրությունների ժամանակ սատարելու են «Ժառանգության» կուսակցության անդամներին,- այսօր ասուլիսում հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը. «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ կրոնական կառույցներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին»:
Ըստ ՀԿ-ի նախագահի, հովիվն ում համար ասում է, աղանդավորական կազմակերպությունների անդամները նրա օգտին էլ տալիս են իրենց ձայնը:
Մասնակցում են ընտրություններին 8 կուսակցություն, երեքին կարող եմ հանել, հինգը աղանդների հետ համագործակցում են,- ասաց Ա. Ամարյանը:
Ասուլիսի ավարտից հետո նա այդ թիվը ճշտեց` չորսը չեն համագործակցում: Իսկ ասուլիսի ընթացքում շատ ուշագրավ բաներ ասաց: Օրինակ այն, որ վերջերս ֆեյսբուքում հայտնված տեղեկատվության համաձայն` «Կյանքի խոսքը» և Ավետարանչական եկեղեցին հայտարարելու են, որ իրենք սատարելու են Զարուհի Փոստանջյանին:
«Այն, որ իրենք մասնակցել են նախորդ ընտրություններին, միանշանակ կարող ենք թեկուզ վերլուծականով նայել»,- ասաց Ա. Ամարյանը: «Հայտնվում է մի կուսակցություն, որը միանգամից ձայներ է ստանում 60000-ից ավելի և անցնում է Ազգային ժողով, անծանոթ մի կուսակցություն, որին ընդհանրապես ոչ ոք ծանոթ չէր… Դա արդեն նշանակում է, որ կրոնական կառույցները հնարավոր է և կարող են քաղաքական կյանքը սարքել իրենց ձեռքին խաղալիք և ցանկացած մարդու կամ կուսակցության անցկացնել»,-նշեց բանախոսը:
Ըստ հիշյալ կազմակերպության ղեկավարի, Հայաստանում այսօրվա դրությամբ տարբեր աղանդավորական կազմակերպությունների հետևորդ են 200-230 հազար հոգի, այսինքն` ընտրողների մոտ 10 տոկոսը, ինչը կուսակցության համար նշանակում է, որ հնարավոր է Ազգային ժողովում մեծաթիվ ձայներ ունենալ:
Ըստ Ա. Ամարյանի, աղանդավորները սողոսկել են Հայաստանի բոլոր բուհեր, մասնավորապես նշեց ԵՊՀ-ի, Միջազգային ակադեմիայի անունները:
«Հավատացեք` այնքան դասախոսներ, դպրոցներում այնքան ուսուցիչներ կան, որ կրոնական կառույցների անդամներ են»,- ասաց ՀԿ-ի ղեկավարը, իսկ հետո հավելեց. «Մեզ մոտ ուժային կառույցներում կան կրոնական կառույցների ներկայացուցիչներ: Եթե իրենք ուղղակի չեն մասնակցում, մասնակցում են իրենց ընտանիքի անդամների միջոցով: Ուժային կառույցի ղեկավարներից մեկի ընտանիքը տարեկան 2-3 անգամ գնում է արտասահման` կրոնական կառույցի հաշվին… Եթե այդ կառույցի նկատմամբ ինչ-որ մեկը սկսում է ավելորդ բան խոսել, ուժային կառույցի ղեկավարը շատ հեշտ կարողանում է լծակները քաշել և նրա բերանը փակել»:
Ըստ բանախոսի, այս խայտառակ իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն պետության ղեկավարի կամքով և ժողովրդի համախմբվածությամբ: Պատասխանելով հարցին, թե «Կրոնական կազմակերպությունների մասին» պատշաճ օրենք ընդունելու իմաստով նոր խորհրդարանի հետ հույսեր կապում եք, Ա. Ամարյանն ասաց` ոչ:
Վերջինիս տեղեկացմամբ, ըստ կրոնական կառույցների ներքին տվյալների, քաղաքական առանձին կուսակցությունների օգնում են Եհովայի վկաները, Ավետարանական եկեղեցին, Ավետարանչական կազմակերպությունը, Խարիզմատիկ եկեղեցին…
«Կուսակցությունները, իրենց ասելով, ՀԱԿ-ն է, «Ժառանգությունն» է, դաշնակներին են իրենք փորձում խառնել, մի մասը փորձում էր ասել, որ կոալիցիոն կառույցներից մեկն է»,- ասաց հիշյալ կենտրոնի ղեկավարը:
Ըստ Ա. Ամարյանի, իր ունեցած տեղեկությունները միայն ֆեյսբուքից չեն:
«Հայացք» օրաթերթ